Մեղեդի/ԽոսքերՁեռագիր մատյաններում նշված է` «Տաղ եկեղեցւոյ, ի Գրիգորէ Նարեկացւոյ» կամ «Գովեստ եկեղեցւոյ սրբոյ Շողակաթին» կամ «Մեղեդի Ծննդեան, ի Գրիգորէ Նարեկացւոյ է»: Սա մեծ տեքստ ունեցող տաղ է, բայց պահպանված երգում գործածված է միայն երկու տողը, և այդ երկու տողը երգվում է շատ լայնածավալ ու ընդարձակ: Տաղ հասկացությունն առհասարակ ունի լայն ըմբռնում և բացատրվում է որպես «բան չափաբերական, ոտանավոր երգ, քերթուած նուագելի»: Իսկ գանձարաններում այդ բառի տակ հասկացվում է հոգևոր երգի որոշակի մի տեսակ, որը չի կարող շփոթվել ոչ գանձի, ոչ շարականի, ոչ էլ այլաբնույթ որևէ ստեղծագործության հետ: Այդ տաղերը, սովորաբար, փոքրածավալ ու կուռ բանաստեղծություններ են` «տէրունական և սրբերի տոների վերաբերյալ հատուկ երգեր», կապված համպատասխան գանձերի հետ: