«Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրը սկսելու համար ընտրվեցին հայկական ավանդական երաժշտության ասպարեզում բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ընտրվեցին հայկական ժողովրդական երգերի մենակատարները, ստեղծվեց 10 հոգուց բաղկացած «Զարկ» արական երգչախումբը, ձայնագրվեցին վոկալ և գործիքային ստեղծագործություններ՝ ժողովրդական, հոգևոր, աշուղական: Ձայնագրմանը զուգահեռ՝ աշխատանքներ սկսվեցին armenianmusic.am երաժշտական առցանց պորտալի ստեղծման ուղղությամբ, որում տեղակայվեցին բոլոր աուդիոձայնագրությունները:
Երգերը դասավորված են բոլոր հնարավոր ֆիլտրերով. ըստ երգի տիպի, ժանրի, կատարողի, տարածաշրջանի, օգտագործված գործիքների եւ այլն: Ստեղծագործությունների ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները: Կայքը քառալեզու է՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն։ Կայքը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով՝ IOS և Android օպերացիոն համակարգերի համար: Պորտալում յուրաքանչյուր երգի ուղեկցում է համապատասխան թեմատիկ նկարազարդումը: