Հիմնադիր-նախագահ
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահն է, նախագծի մտահաղացման հեղինակը։
Արթուր Ջանիբեկյանը Հայաստանում իրականցավող մի շարք կրթական, մշակութային, հայրենասիրական նախաձեռնությունների հեղինակն ու հովանավորն է:
Նա իրականացնում է մասնագիտացված սեմինարներ Մոսկովյան «Сколково» կառավարման դպրոցի ուսանողների համար։
«Մշակութային վերածնունդ» և «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամների հիմնադիրն է, որոնց նպատակն է հայկական ինտելեկտուալ ներուժի բարձրացումը և հարստացումը։
Նրա ջանքերով իրականացվել է Ապարանի շրջանի Վարդենիս գյուղի կիսավեր բազիլիկ եկեղեցու հիմնանորոգումը, եկեղեցու հարևանությամբ՝ վաղեմի սրբավայրի տարածքում, կառուցվել է նաև «Սուրբ Նարեկ» մատուռը։ 2013 թվականին գնել և Մատենադարանին ի պահ է տվել Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» 16-րդ դարի արժեքավոր ձեռագիրը։
2007թ. հիմնել է «Քոմեդի Քլաբ Փրոդաքշն» ընկերությունը, այժմ ընկերության գլխավոր տնօրենն է: 2008թ. հիմնադրել է «Քոմեդի TV» շուրջօրյա հումորային հեռուստաալիքը։
Ա. Ջանիբեկայնն իր գործունեության համար հայրենիքում և արտասահմանում արժանացել է մի շարք պարգևների. 2007թ. արժանացել է «GQ» ամսագրի սահմանած «Տարվա մարդ» տիտղոսին, 2012 և 2016 թթ.` «Ռուսաստանի Մեդիամենեջեր» հեղինակավոր մրցանակին` հեռուստատեսային ապրանքանիշերի ստեղծման և հեռուստատեսության ոլորտում կատարած ամենամեծ գործարքի համար: 2016 թվականին ՀՀ-ում պարգեւատրվել է շքանշանով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Առաջին աստիճանի շքանշանով: Այժմ ղեկավարում է «Գազպրոմ-մեդիա» հոլդինգը (ТНТ, ТВ-3, «Пятница» և «2х2»):
Ցանկացած ազգի գոյատևման կարևորագույն գրավականը ազգային դիմագծի և մշակույթի պահպանումն է: Հենց այս փաստի գիտակցումն էլ հիմք հանդիսացավ հերթական հայրենանվեր գործին ձեռնամուխ լինելու համար: Աշխատանքային գործունեությունը ծավալելով ՌԴ-ում՝ երբևիցե չի օտարացել իր հայրենքին, ավելին՝ իր բազմաթիվ քայլերն ապացույցն են հայրենիքի հանդեպ իր մեծ սիրո և նվիրվածության: